Այսօր, 09:23
«Հրապարակ». Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգնա` Աղազարյանի հետևից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց սկսեն` պարզելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անձի փոխանցել պատգամավորի անձնական ինֆորմացիան: Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն առգրավել է նրա հեռախոսը և դրա պարունակությունը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա էլ՝ ՔՊ ողջ թիմին: Սակայն դատախազությունը վարույթ հարուցելու փոխարեն մի գրություն է ուղարկել հակակոռուպցիոնի քննիչին՝ պահանջելով պարզաբանումներ տալ։
Մինչ Աղազարյանն իր իրավունքների համար պայքար կմղի, Կոմիտեից երեկ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»` հենց Աղազարյանի դեմ։ Ի դեպ, ՔՊ-ում լավ չեն պատկերացնում՝ ինչպես է դատախազը խորհրդարանում հիմնավորելու մեղադրանքը և պատգամավորներին համոզելու, որ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է մինչև վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը և ստիպելով, որ հանցանք գործեն նաև դատախազը, իր ողջ թիմը, և Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետևից»։