Այսօր, 12:51
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի չորրորդ վերանայումը
2024 թվականի դեկտեմբերի 16-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայումը:
Վերանայման արդյունքում Պահուստային ծրագրի ներքո փոխառու միջոցների հասանելիությունն ավելացել է 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով՝ հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ), հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Նշենք, որ ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը, որոնք կարող են առաջանալ ապագա հնարավոր ցնցումների արդյունքում։
Վերանայման հիմքում ընկած են եղել ինչպես Պահուստային ծրագրի նախապայման հանդիսացող կառուցվածքային հենանիշների իրականացումը, այնպես էլ երկրի մակրոտնտեսական կայունությունն ու վարվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նաև Կառավարության հիմնական տնտեսական քաղաքականության առաջնահերթությանը՝ ուղղված մասնավոր հատվածի, արտահանման, ներդրումների և գիտելիքի վրա հիմնված աճի մոդելի խթանմանը, որի թիրախում աղքատության նվազեցումն է և սոցիալական պաշտպանվածության բարձրացումը:
Պահուստային ծրագրի հաջորդ՝ հինգերորդ վերանայումը կիրականացվի 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին»,- ասվում է հաղորդագրությունում։