Այսօր, 09:12
«Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել և չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել և միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը»։