17/12/2024 21:53
2019-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվն իրականում ավելացել է, այնինչ պնդում են, թե կրճատվել է
ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների քանակը, ինչպես նաև այդ մեքենաների ձեռքբերման ու սպասարկման համար հատկացված միջոցները պետական գաղտնիք են։ Այդ մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման։
Լրատվամիջոցը դեկտեմբերի 6-ին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցմամբ խնդրել էր հայտնել, թե քանի ծառայողական մեքենա է սպասարկում ՀՀ վարչապետին, թե վերջին 3 տարիների ընթացքում քանի մեքենա է ձեռք բերվել վարչապետին սպասարկելու համար, որքան գումար է հատկացվել այդ մեքենաների ձեռքբերման համար, որքան է կազմում այդ մեքենաների տարեկան սպասարկման գումարը։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան այդպես էլ չի ստացել։
Այսօր ստացված գրության մեջ, հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին, ասել են, թե այդ տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին։ Ասել է թե՝ հարկատուները չեն կարող իմանալ, թե իրենց հարկերից որքան գումար է ծախսվում Փաշինյանի մեքենաների համար։
Փոխարենը մասամբ պատասխանել են այլ հարցերի, թե ընդհանուր առմամբ քանի ծառայողական մեքենա է սպասարկում կառավարությանը, կառավարության որ պաշտոնյաներին են դրանք սպասարկում, որ պաշտոնյաների սպասարկման համար են վերջին 3 տարվա ընթացքում նոր մեքենաներ ձեռք բերվել ու որքան գումար է հատկացվել այդ նպատակով։ Նոր գնված մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, իհարկե, չկար, սակայն հայտնել են, որ վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 տրանսպորտային միջոց։
Ըստ տրամադրած տեղեկատվության՝ մինչ նոյեմբերի 22-ը, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից առաջ հրապարակած տեսանյութում կրճատում էր ծառայողական ավտոմեքենաների թիվը, վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 40 ավտոմեքենա, նոյեմբերի 22-ից հետո դրանց թիվը կրճատվել էր 13-ով և դարձել 27։ Կառավարությունից պարզաբանել են, որ նախորդ 3 օրերի ընթացքում մեքենաներից ևս մեկը դուրս է գրվել աշխատակազմի ավտոպարկից։
Ստացվում է, որ ըստ հարցման՝ այսօր վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 ավտոմեքենա՝ այն դեպքում, երբ մինչև նոյեմբերի 22-ը դրանց թիվը 40-ն էր։ Այս կրճատումը կարող էր տպավորիչ լինել, եթե չլիներ մի մեծ բայց....
Բանն այն է, որ «Փաստինֆո»-ն համանման հարցում էր կատարել նաև 5 տարի առաջ՝ 2019 թվականին, երբ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ այդմ՝ մայիսին կառավարությունից ստացած հարցման պատասխանում այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ՝ 10 մեքենա, ևս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։ Հերթապահ 7 մեքենաների շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ին։ Ըստ այդմ՝ «Հերթապահ ավտոմեքենաները տրամադրվում են համաձայն ներկայացված զեկուցագրի՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, գործերի կառավարչի թույլտվությամբ գրավոր հայտի հիման վրա»,- նշված էր պատասխանում։
Ստացվում է՝ 2019 թվականի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել․ եթե 2019-ին վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 17 տրանսպորտային միջոց, ապա 2024թ. նոյեմբերի 22-ին հանրայինի եթերում կացնային կրճատումների մասին հայտարարությունից հետո, դրանց թիվը դարձել է 26։
Ի դեպ, 2019 թվականին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրամադրվել էին նաև ծառայողական մեքենաների մակնիշները ու թե որքան վառելիք է հատկացվում յուրաքանչյուրի համար, իսկ հիմա այդ տվյալները չեն հրապարակվում՝ Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունների դաշտը չնեղացնելու համար։