Այսօր, 09:19
«Հրապարակ». Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է` դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։
Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթև, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձև» չէ, այլ նախնադարյան է: Հետո գար` ամուսնուն պատմեր այդ մասին և ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք և բարեկեցիկ կացարաններում` պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ»։