Այսօր, 16:57
Զախարովան Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ոչ բարեկամական քայլ է անվանել
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը Հայաստան ՌԴ-ն գնահատում է որպես Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին. հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ–ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։ Դա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների՝ բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծությանը հավատարիմ մնալու մասին մշտական հայտարարությունների ֆոնին», -ասել է Զախարովան, պատճառների մասին խնդրել դիմել ՀՀ իշխանություններին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելվել էր։