Այսօր, 13:37
ՆԳ նախարարն այցելել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր (Տեսանյութ)
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։
Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։
Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։
Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր, որի հագեցվածությունը թույլ կտա կազմակերպել առավել արդյունավետ աշխատանքային գործընթաց՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։
Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները և ապահովել անձնակազմի տեղափոխումը նոր մասնաշենք: