19/12/2024 17:04
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որում կոչ կա՝ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել․
«Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:
Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։
Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»։