Այսօր, 12:10
Փաշինյանը հանձնարարեց՝ «second hand» ապրանքների կարգի օգնություն, եթե նույնիսկ եկել է, թող մաքսատնից հետ տան, ՀՀ-ն դրա կարիքն այլևս չունի (Տեսանյութ)
Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի «second hand» ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է. կառավարության նսիտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն ստանալուն, նույնիսկ եթե եկել է, մաքսատանը կանգնել է։ Ոչինչ, թող մաքսատնից հետ տան, աշխարհում էնքա՜ն երկրներ կան, որ դրա կարիքն ունեն և իրենց համար խնդիր չեն այդ օգտագործած, մաշած կիսափչացած ապրանքները։ Ով դրա կարիքը ունի, թող ուղարկեն էնտեղ, թող ՀՀ չմտնի էդպիսի ապրանք»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ ՊԵԿ-ին հրապարակային է ասում՝ նման դեպքեր չլինեն, իսկ եթե կան, իրեն ասեն։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ իր հանձնարարությունից հետո հետևողական են և մարդասիրական օգնության հանձնաժողովը նման որոշում չի կայացնում։ «Եղել են տարբեր համայնքներից դիմումներ, որ փաստ է արդեն, կայացած բեռը հասել է, խնդրել ենք վերադարձնեն, որովհետև տարուց ավելի նման որոշում չունենք»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ եղել են ժամանակներ, որ դրանք ՀՀ-ի համար կարևոր են եղել, բայց այդ էջը պետք է փակված համարեն։
«Բարեգործության դեմ բան չունենք, ունենք այն ընկալման դեմ, որ գործել է ՀՀ-ում»,-ասաց նա։