Այսօր, 18:03
34-ամյա տղամարդու մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակներ ու դանակներ
ՆԳՆ-ից հայտնում են՝ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալների հիման վրա դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում ձերբակալել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Անձնական խուզարկությամբ երևանցու մոտ հայտնաբերվել են շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն մոտ 12 գրամ զանգված, ծալովի երկու դանակ ու թմբուկավոր ազդանշանային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով։
Երկուսն էլ ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեկտեմբերի 12-ին 34-ամյա երևանցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և շոկոյի նմանվող զանգվածներ, շագանակագույն զանգվածով կաթուցիչ, մոխրացած հետքերով ծխամորճներ, օդամղիչ ատրճանակ ու վեց փամփուշտ։
Նույն օրը խուզարկվել է նաև 61-ամյա քանաքեռավանցու վարած մեքենան: Հայտնաբերվել է մոտ 5 գրամ շոկո թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ քանաքեռավանցու, պատկանում էր երևանցուն։
Հաջորդ օրը Երևանի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։