Այսօր, 09:35
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դպրոցի տնօրեններին շրջաբերականով զգուշացրել է՝ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգևավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաև իրենց։
Դպրոցներից մեկի տնօրենը մեզ ասաց, որ իր և կոլեգաների համար նախարարի շրջաբերականը՝ քիչ է ասել, թե նվաստացուցիչ է, ստացվում է, որ տնօրենները պետք է դիմեն ԿԳՄՍՆ, հիմնավորեն, որ լավն են, ձեռքի հետ էլ ՔՊ-ի ու անձամբ նախարարի գովքն անեն, որ արժանանան վերջինիս բարեհաճությանը։ Կարելի է կարծել, որ Ժաննա Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները, որոնք պետբյուջեից միլիոնների հասնող պարգևավճարներ են ստանում, հիմնավորում են, թե իրենք ինչքան լավն են ու ինչ լավ են աշխատել, որ վաստակում են ամենամսյա պարգևավճարները»։