Այսօր, 15:50
Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել
Գյումրու երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, կեղծ թղթադրամներ են իրացրել քաղաքում և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 17-ին 5000-անոց թղթադրամ են իրացրել Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում։ Աղջիկն ու տղան հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը:
Ոստիկանությունը կեղծ թղթադրամ իրացնելու վերաբերյալ տեղեկություն է ստացել նաև նոյեմբերի 9-ին: Այս դեպքում կեղծ թղթադրամներ էին իրացրել տաքսի ծառայության վարորդին:
Պարզվել է վարորդի ինքնությունը: Նա հայտնել է, որ Գյումրիի Սավոյան փողոցում իր վարած «Օպելն» են նստել երկու երիտասարդ աղջիկ, իսկ պատվերի ավարտին տվել են կեղծ թղթադրամներ ու հեռացել: Վարորդը, հասկանալով, որ թղթադրամները կեղծ են, Մայակովսկու փողոցում հայտնաբերել է նրանց և պահանջել վճարել ուղևորավարձը: Վերջիններս հրաժարվել են, ապա թողնելով իրենց ձեռքի պայուսակը` դիմել են փախուստի: Պայուսակում 10 000 և 2000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են եղել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 9-ին տաքսի ծառայությունից օգտվել և կեղծ թղթադրամներ են իրացրել դեկտեմբերի 17-ին ձերբակալված 20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը. երիտասարդն այդ օրը եղել էր կնոջ հագուստով և կեղծամով: