Այսօր, 09:12
«Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաև լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ և միջնորդավճար)։ Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը և ՀՀ ՆԳ նախարարը դեռևս ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կապի սպայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
ՆԳՆ-ն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: Համաձայնագրով՝ կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից»։