20/12/2024 17:08
Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից
Լեհաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով իրավիճակը, նշել է․ «Մենք ցնցված ենք կատարվածից, սա ոչ բարեկամական գործողություն է լեհական պետության և Եվրամիության սկզբունքների նկատմամբ։ Մենք արձանագրում ենք, որ տեղի ունեցածն աննախադեպ է»։
Լեհաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է նաև, որ Հունգարիայի դեսպանը, որին կանչել են Լեհաստանի ԱԳՆ, ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կպակցությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ Հունգարիայի իշխանությունները իրենց իսկ երկրի դեսպանությանը տեղյակ չեն պահել կայացրած որոշման մասին։
Բացի այդ, Լեհաստանն իր դեսպանին անժամկետ հետ է կանչել Բուդապեշտից, ինչը, ինչպես նշել են Վարշավայում, խորհրդանշում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում։
Նշենք, որ Լեհաստանի արդարադատության նախկին փոխնախարար Մարչին Ռոմանովսկին, ում ապաստան է տրամադրել Հունգարիան, կասկածվում է Արդարադատության հիմնադրամի միջոցները չարաշահելու մեջ։ Նա համակարգում էր այդ հիմնադրամը 2019-ից մինչև 2023 թվականները, երբ զբաղեցնում էր երկրի Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
Ռոմանովսկին, ըստ մեղադրանքի, հիմնադրամի միջոցներն ուղղել է «Ինքնիշխան Լեհաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել 11 հոդվածներով, քաղաքական գործչին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։