Այսօր, 13:23
Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին
ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել, որով Երևանի ավագանու ընդունած և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, թե այս պահին զգուշավոր լավատեսություն է պետք, քանի որ արդեն կա վարչական դատարանի որոշումը։
«Քաղաքապետարանն արդեն իսկ հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը, և քանի դեռ դատական գործընթաց է լինելու, պետք է հետևել զարգացումներին։
Կարծում եմ, այն փաստերը, որոնք բերվել են վարչական դատարանում, պետք է որ չբեկանվեն ավելի բարձր ատյանում»,-ասաց Աբգարյանը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի բեկանել քաղաքապետարանի ոչ իրավաչափ այդ որոշումը։
«Քաղաքապետի խոսնակը շտապել էր գրել, որ գումարները չեն վերադարձվելու, մտավախություն ունենալով, որ մարդիկ այսօրվանից արդեն կգնային և կպահանջեին վերադարձնել իրենց գումարները։
Եթե բոլոր ատյաններով որոշումն անցնի և պարզվի, որ այնուամենայնիվ, ոչ իրավաչափ է եղել ավագանու որոշումը, քաղաքապետարանն իրավունք չունի չվերադարձնելու մարդկանց գումարները, քանի որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչարարություն»,-նշեց Իզաբելլա Աբգարյանը։
Ավագանու անդամը չի բացառում, որ մի օր էլ տրանսպորտի ուղեվարձի գնի բարձրացման հարցը կարժանանա այս ճակատագրին։
«Բոլորս ականատես ենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չի կարող հիմնավորել գնագոյացումը և չի կարող հիմնավորել, թե որտեղից են վերցրել այդ թվերը։ Նրանք շտապել են։ Չունենալով ամբողջական տրանսպորտային ցանց, չունենալով հաշվարկները, ինչ գին ուզել՝ ասել են։ Դրա ապացույցն է նաև, որ այս պահին առաջարկվող փաթեթներից առաջ էլ ավելի բարձր գին էին ասել։ Մարդիկ նստում, գին են հնարում, իսկ դա չի կարող իրավաչափ լինել։ Չեմ բացառում, որ այս որոշումը նույնպես նույն ճակատագրին կարժանանա։
Այս իշխանությունն օրենքների վրա ուշադրություն չի դարձնում և անում է այն, ինչ ուզում է»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը։