Այսօր, 15:39
Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները
Վերջին տարիներին շատ հայ ընտանիքներ նախընտրում են Ամանորը դիմավորել ոչ թե տանը, այլ՝ հանգստյան գոտիներում, ռեստորաններում։
Կանայք արդեն հոգնել են ամանորյա վազվզոցներից, տարատեսակ ուտեստներ պատրաստելուց և նախընտրում են հանգստանալ ու ընտանիքի անդամների հետ վայելել տոնը։
Սակայն, ոչ բոլորը կարող են իրենց այդ ամենը թույլ տալ, քանի որ հանգստյան գոտիներում, հյուրանոցներում այդ օրերին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են գները։ Հետո էլ վերջին օրերին շատ տեղերում արդեն ազատ տեղեր չկան։ Մոտավորապես 1-2 ամիս առաջ պետք է ամրագրել։
Aysor.am-ը փորձեց պարզել, թե ինչ գներ են սահմանել ռեստորաններն ու հյուրանոցները՝ Նոր տարվա համար։
«Դվին Մյուզիք Հոլ» ռեստորանում Ամանորը դիմավորելը կարժենա 150, 160, 180 հազար դրամ՝ կախված, թե սեղանը որ հատվածում է։
«Ամեն ինչ լինելու է ֆրանսիական՝ Ce La Dvin ոճով: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արկադի Դումիկյանը, Սարո Թովմասյանը, Hayat Project-ը և Karen Sevak բենդը: Երեկոն կվարեն՝ Ռաֆայել Երանոսյանը և Լյուսյա Լյուբիմովան»,-ասացին ռեստորանից:
«Աղաբաբյանս» ռեստորանում 1 անձի համար ամանորյա սեղանը կարժենա 55 հազար դրամ, որի մեջ ներառված է շոու-ծրագիրը։ Կլինի նաև Ձեմռ պապ, երաժշտական մասը կապահովի «Աղաբաբյանս» բենդը և այլ երգիչ-երգչուհիներ։
«Փարվանա» ռեստորանում Ամանորի գիշերը դիմավորելու համար անձը պետք է վճարի 10 հազար դրամ մուտքավճար, ինչպես նաև պատվերի գումար։ Երեկոյի հատուկ հյուրն է լինելու Թաթուլ Ավոյանը։
«Փարավոն» ռեստորանից մեզ տեղեկացրեցին, որ գտնվում են վերանորոգման փուլում՝ Ամանորին չեն աշխատելու։
«Փրայմ Հոլլ»-ը նույնպես վերանորոգման մեջ է և չի աշխատելու։
Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ի համար երկու անձի դեպքում վճարը 530 հազար դրամ է՝ ներառյալ 3 անգամյա սնունդը և գալլա համերգը։
«Էլեգանտ» հյուրանոցում 1 անձի համար օրը 50 հազար դրամ է՝ առանց սննդի և գալլա համերգի։
«Կրիստալ»-ում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ի համար երկու անձի դեպքում արժեքը 400 հազար դրամ է՝ ներառյալ գալլա համերգը։
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցից ասացին, որ իրենց մոտ բոլոր փաթեթները սպառված են։
Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը «Դիլիջան ռեզորթ»-ում անցկացնելը երկու անձի պարագայում կարժենա 570 հազար դրամ՝ ներառյալ գալլա համերգը։
Դիլիջանի «Դիլի թաուն» ռեզորթից էլ ասացին, որ ունեն ընդամենը 1 ազատ սենյակ։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն այնտեղ անցկացնելու գինը 2 անձի դեպքում 475 հազար դրամ է։ Կլինեն հյուրասիրության, ղափամայի, խաշի օրեր, ինչպես նաև գալլա համերգ։
«Գրանդ ռեզորթ Ջերմուկում» դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը երկու անձի համար արժեքը 840 հազար դրամ է։ Ռեզորթից մեզ տեղեկացրեցին, որ այդ օրերի համար այլևս ազատ տեղեր չունեն։
«Արմենիա» առողջարանում դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը տոնը նշելը երկու անձի համար կարժենք 420 հազար դրամ՝ երեքանգամյա սննդով, գալլա ընթրիքով։ Առողջարանում, սակայն, ազատ ընդամենը երկու սենյակ է մնացել։
«Ջերմուկ հոթել»-ում ևս ազատ սենյակները սպառված են։ Այստեղ 5-օրյա փաթեթը երկու անձի համար արժեր 750 հազար դրամ։
«Գետափ ռեզորթ Արզնի»-ում երկու անձի համար՝ երկուանգամյա սննդով կարժենա 440 հազար դրամ։
«Լաստիվեր ռեզորթ»-ում էլ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը կարժենա 660 հազար դրամ՝ երկու անձի համար։ Արժեքի մեջ ներառված են նախաճաշը, խաշի, հարիսայի, ղափամայի հյուրասիրությունները, տաքացվող լողավազանը։