21/12/2024 20:19
Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ
Կլաստերային գլխացավերը, որոնք առաջանում են շրջափուլային (ցիկլային) կամ կլաստերային ժամանակաշրջաններում, գլխացավի ամենացավոտ տեսակներից են:
Կլաստերային գլխացավի պատճառով մարդը սովորաբար արթնանում է գիշերը` գլխի մի կողմի, մեկ աչքի շրջանում կամ դրա շուրջ ուժեղ ցավի պատճառով։
Հաճախակի նոպաները, որոնք հայտնի են որպես կլաստերային շրջաններ, կարող են տևել շաբաթներից մինչև ամիսներ, որոնց սովորաբար հաջորդում են ախտադադարի (ռեմիսիայի) շրջանները, երբ գլխացավերը դադարում են: Ռեմիսիայի ժամանակ գլխացավեր չեն առաջանում ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով:
Բարեբախտաբար, կլաստերային գլխացավը հազվադեպ է և կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Բուժումները կարող են կլաստերային գլխացավերի նոպաները դարձնել ավելի կարճ և ավելի թեթև: Բացի այդ, դեղամիջոցները կարող են նվազեցնել հիվանդի մոտ առկա կլաստերային գլխացավերի քանակը:
Կլաստերային գլխացավն առաջանում է արագ, սովորաբար՝ առանց նախազգուշացնող նշանների։
Գլխացավի ժամանակ ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
սաստիկ, ծակող, խոցող, այրող, բաբախող (պուլսացվող) ցավ, որը սովորաբար տեղակայվում է մեկ աչքի մեջ, հետևում կամ շուրջը, սակայն կարող է տարածվել նաև դեմքի, գլխի և պարանոցի այլ հատվածներում,
միակողմանի ցավ,
անհանգիստություն,
արցունքահոսություն,
աչքի կարմրություն,
փակված կամ հոսող քիթ,
ճակատի կամ դեմքի քրտնարտադրություն,
դեմքի գունատ մաշկ կամ հազվադեպ՝ կարմրություն,
շուրջակնային (նաև՝ կոպի) այտուցվածություն,
կախված կոպ,
բբի նեղացում (միոզ) կամ լայնացում (միդրիազ):
Կլաստերային գլխացավի ժամանակ կարող են առաջանալ միգրենի նման որոշ ախտանիշներ, ներառյալ լույսի և ձայնի նկատմամբ զգայունությունը, սակայն, դրանք սովորաբար միակողմանի են:
Կլաստերային շրջանում՝
գլխացավերը սովորաբար լինում են ամեն օր, երբեմն՝ օրը մի քանի անգամ,
մեկ գլխացավի նոպան կարող է տևել 15 րոպեից մինչև երեք ժամ,
գլխացավի նոպաները հաճախ առաջանում են ամեն օր նույն ժամին,
գլխացավի նոպաների մեծ մասը սկսվում է գիշերը, սովորաբար քնելուց 1-2 ժամ հետո:
Ցավը սովորաբար անհետանում է նույնքան անսպասելի, որքան սկսվել էր՝ արագ նվազող ուժգնությամբ: Գլխացավի նոպաներից հետո մարդկանց մեծ մասը ցավ չի ունենում, սակայն հյուծված է լինում:
Գլխացավը, նույնիսկ երբ ուժեղ է, սովորաբար մեկ այլ հիվանդության հետևանք չէ: Սակայն գլխացավերը երբեմն կարող են վկայել հիմքում ընկած ծանր առողջական խնդրի մասին, ինչպիսին է գլխուղեղի ուռուցքը կամ անևրիզման:
Բացի այդ, եթե կա գլխացավերի պատմություն, պետք է դիմել բժշկի, եթե ցավերի բնույթը փոխվի կամ գլխացավը հանկարծակի տարբերվի նախորդներից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ