21/12/2024 22:03
Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը
Երբեմն քաշի կորուստը ոչ թե ուրախանալու առիթ է, այլ վտանգավոր ախտանիշ։ Զգալիորեն նվազած կիլոգրամները կարող են առողջությանը հետևելու և քաշի կտրուկ նվազման պատճառը պարզելու կարևոր նախազգուշացում լինել։
Քաշի նվազման պատճառներից կարող են լինել՝
Մկանային զանգվածի կորուստը. Մկանային զանգվածի կորուստը սկսվում է մոտ 40 տարեկանում և շատ ավելի արագ է զարգանում 75-ից հետո: Նման վիճակի զարգացման կանխարգելումը կլինի և՛ բավարար քանակությամբ կալորիաների օգտագործումը (ներառյալ 0,7 գ/կգ և ավելի սպիտակուցային նորմայի պահպանումը), և՛ ցանկացած տարիքում ֆիզիկական ակտիվության պահպանումը:
Հիպերթիրեոզը. Քաշի անբացատրելի կորուստը կարող է նշան լինել, որ մարդը վահանաձև գեղձի հիվանդություն ունի, որը կոչվում է հիպերթիրեոզ կամ թիրեոտոքսիկոզ, երբ վահանաձև գեղձի կողմից ավելորդ հորմոններ են արտադրվում: Երբեմն մարդը կարող է անտեղյակ լինել նման հիվանդության առկայության մասին և չձեռնարկել դրա զարգացումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներից ոչ մեկը: Քաշի կորուստը, որպես կանոն, ախտանիշներից մեկն է, որոնց թվում են նաև սրտի արագ աշխատանքը, ջերմության նկատմամբ անհանդուրժողականությունը, մազերի կորուստը, անքնությունը: Այսպիսի ախտանիշներ նկատելիս պետք է էնդոկրինոլոգին դիմել, անցնել վահանաձև գեղձի ընդհանուր վիճակի ախտորոշում։
Պեպտիկ խոց. Ստամոքսի խոցերը տեղային լորձաթաղանթի արատներ են, որոնք զարգանում են ստամոքսի ներքին մասում և բարակ աղիքի վերին հատվածում: Պեպտիկ խոցի հիմնական ախտանիշը որովայնի ցավն է, այն հաճախ ախորժակի նվազում է առաջացնում։ Կենսակերպի փոփոխությունը՝ զուգորդված նշանակված բուժման հետ, այս խնդրից ազատվելու լավագույն միջոցն է։ Նման իրավիճակում անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգի:
Քաղցկեղ. Կան քաղցկեղի մի քանի տեսակներ, ինչպիսիք են լեյկոզը, թոքերի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը, որոնք հաճախ հանգեցնում են քաշի զգալի կորստի: Բուժման որոշ տեսակներ՝ ճառագայթային թերապիան և քիմիաթերապիան, հաճախ հանգեցնում են ախորժակի նվազմանը և կողմնակի բարդությունների, ներառյալ ՝ սրտխառնոց, փսխում և բերանի խոցեր, որոնք խանգարում են ուտել: Այս ամենը նույնպես ազդում է քաշի վրա։
Շաքարային դիաբետ. 2-րդ տիպի շաքարախտը սովորաբար կապված է գիրության հետ, սակայն քաշի կորուստը կարող է լինել նաև այս պաթոլոգիայի անսպասելի ախտանիշ: Կարևոր է՝ որքան հնարավոր է շուտ կապ հաստատել էնդոկրինոլոգի և սննդաբանի հետ, քանի որ 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը կանխարգելելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքները բուժելը:
Մակաբույծներ. Ժապավենային որդեր, կլոր որդեր, անկիլորդներ. ամեն տարի հազարավոր մարդիկ վարակվում են այս և այլ մակաբույծներով: Մակաբույծներն օրգանիզմում կլանում են սննդանյութերը և բազմանում՝ ավելի ու ավելի շատ տարածվելով օրգանիզմում և խժռելով նրա ռեսուրսները։ Սա կարող է հանգեցնել ախորժակի նվազման և քաշի կորստի։
Դեպրեսիա. Հոգեկան այս վիճակը կարող է դրսևորվել բազմաթիվ ձևերով, ներառյալ քաշի կորուստը: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդը հաճախ այնքան է խորասուզվում իր խնդիրների մեջ և կտրվում արտաքին աշխարհից, որ կորցնում է ախորժակը, չի ուզում ուտել։ Որպես կանոն, բազմամասնագիտական մոտեցումը, հոգեբանի, հոգեթերապևտի և հոգեբույժի խորհրդատվության տեսքով, տալիս է դրական արդյունքներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ