21/12/2024 18:07
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
Վոլոգդայում կանգնեցրել են Իոսիֆ Ստալինի արձանը։ Այն տեղադրվել է տուն-թանգարանի տարածքում, որտեղ 1911-1912 թվականներին ապրել է աքսորում գտնվող Ստալինը։
Ստալինի արձանի բացման ժամանակ Վոլոգդայի շրջանի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովը նշել է, որ անհրաժեշտ է գնահատել անցյալն՝ իր ողջ բազմազանությամբ՝ հասկանալով ու ընդունելով նաև պատմության վիճելի էջերը։ Նա ընդգծել է նաև, որ մինչև Ստալինի արձանի բացումը միջոցառման մասնակիցները այցելել են քաղաքական բռնաճնշումների հետևանքով զոհվածների հուշարձան և ծաղիկներ են խոնարհել այնտեղ։
Վոլոգդայում Ստալինը մի քանի ամիս է անցկացրել, երբ գտնվել է աքսորում։ Նա ապրել է այժմ արդեն թանգարանի վերածված տան երկրորդ հարկում։ Այստեղ աքսորում գտնվելու ժամանակ ապրել են նաև Մոլոտովը, Պոդբելսկին, այլ գործիչներ, որոնք հետագայում՝ սովետական իշխանության տարիներին պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել։
Ստալինի բրոնզե արձանը, որը կանգնեցվել է այդ տան բակում, նրա իրական հասակին է համապատասխանում, հեղինակը քանդակագործ Կոնստանտին Կուբիշկինն է, իսկ արձանի բացման մասին նախապես լայնորեն չի ազդարարվել՝ աժիոտաժ չստեղծելու նպատակով։