Այսօր, 14:14
Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 18.20-ի սահմաններում մի երիտասարդ Ամիրյան փողոցի սուրճի վաճառակետում 800 դրամի սուրճ է գնել և վճարումը կատարել 10-հազարանոց թղթադրամով: Ինքը երիտասարդին վերադարձրել է 9200 դրամ, իսկ նրա հեռանալուց հետո նկատել է, որ թղթադրամը կեղծ է:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ արարքը կատարել է Մամիկոնյանց փողոցի բնակիչ 18-ամյա երիտասարդը:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 21.25-ին, 18-ամյա երիտասարդը Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Նա հայտնել է, որ իրացնելու նպատակով ձեռք է բերել կեղծ թղթադրամներ, որոնցից երեքն արդեն իրացրել է սուրճի տարբեր վաճառակետերում, իսկ մեկը այդ օրը՝ Ամիրյան փողոցում գտնվող սուրճի վաճառակետում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: