Այսօր, 15:21
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: