22/12/2024 18:06
Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան
2024 թվականի աշնանն Ադրբեջանին հաջողվել է սպառնալիքներով գրաքննել երկու հայկական ֆիլմ՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն ինչ ինձ պետք է» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմերը։ Սպիվակովայի «Այն ամենն ինչ ինձ պետք է» ֆիլմի ցուցադրությունը 2024թ սեպտեմբերին հանվել է FINIFA կինոփառատոնից. Ադրբեջանի դեսպանությունը, ըստ ամենայնի, սպառնացել է փառատոնին, Մարոկկոյի իշխանություններին հայտնել, որ ֆիլմի ցուցադրությունը կվնասի երկու երկրների հարաբերությունները։ Ադրբեջանական մամուլում ֆիլմի ցուցադրությունը խափանելը որակվել է որպես հաղթանակ, քանի որ տասնմեկ րոպեանոց ֆիլմում հիշատակվել են Արցախ անունը և Հայոց Ցեղասպանություն եզրույթը,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
«Ադրբեջանն այլ փառատոների սպառնալու փորձերից զերծ չի մնացել, բայց օրինակ Բարսելոնայում տեղի չեն տվել և «Հույս և սեր» փառատոնին ֆիլմը ցուցաադրվել է՝ արժանանալով երկու մրցանակի։
Արցախի մասին պատմող «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը Հորդանանը ներկայացրել էր Օսկարի, սակայն Ադրբեջանի սպառնալիքներից հետո ֆիլմը հետ է կանչել «Օսկար» մրցանակաբաշխության Լավագույն միջազգային ֆիլմի անվանակարգից»։
Իշխանյանը նշում է՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի անունից նամակ են հասցեագրել Հայստանի ԱԳՆ-ին երկու ֆիլմի վերաբերյալ, սկզբում՝ Սպիվակովայի, ապա՝ Սարինի։ Երկու դեպքում էլ ԱԳՆ-ից մեկնաբանել են՝ Ֆիլմերի ռեժիսորները չեն դիմել ԱԳՆ, հետևաբար իրենք ոչինչ անել չեն կարող. փաստացի ստեղծվում է իրավիճակ, երբ ռեժիսորները մնում են անպաշտպան, իսկ հայկական ֆիլմերը հեշտ ու հանգիստ գրաքննվում են երրորդ երկրներում։
Հովհաննես Իշխանյանն անթույլատրելի է համարում ԱԳՆ դիրքորոշումը՝ թե ռեժիսորները չեն դիմել, հետևաբար ԱԳՆ-ն անելիք չունի։
«Ֆիլմ գրաքննելը նույնն է ինչ Բաքուն վերացնում է հայկական նյութական մշակույթը։ Տատիկ-Պապիկի հուշակոթողը, որի հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, որ մահացել է, եթե Բաքուն այդ հուշակոթողը քանդի, Հայաստանի ԱԳՆ-ն չի՞ բարձրաձայնելու այդ մասին՝ որպես պատճառաբանություն նշելով, թե հեղինակը չի դիմել։
Հատկանշականն այն է, որ երբ 2020 թվականին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը՝ «Դրախտի դարպասները», Մոսկվայի միջազգային ֆիլմերի փառատոնին ադրբեջանական ճնշման հետևանքով չի ցուցադրվել, այդ ժամանակ Ջիվան Ավետիսյանին հրավիրել են ԿԳՄՍ, ԱԳՆ։
Ջիվան Ավետիսյանի մեկ այլ ֆիլմ՝ «Վերջին բնակիչը», նունպես թիրախավորվել է. Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ Լիտվայի կինոկենտրոնը 100000 եվրո հաստատած դրամաշնորհը հետ է կանչել։
Հայասանի ԱԳՆ-ի անգործության հերթական օրինակը. հայ-իրանական արտադրության ֆիլմի պատճառով Պոլսի միջազգային ֆիլմերի փառատոնի օրվա ցուցադրությունը կասեցվել է, Իրանի ԱԳՆ-ն այդ հարցը բարձրաձայնել է, մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն՝ անտարբեր մնացել»։
Հովհաննես Իշխանյանի գնահատմամբ գործ ունենք համակարգված մեխանիզմի հետ, որը ուշադիր հետևում է հայկական ֆիլմերին և գրաքննում, հեռացնում ֆիլմերն անգամ քիչ հայտնի փառատոներից։ Ռեժիսորը ցավում է, որ Հայաստանից որևէ հակազդեցություն չկա։
«ՀայաՔվեն, PlatformDocը, Ակն ընդ ականն ու Հայաստանի դիվանագիտական հիմնադրամն ասուլիս հրավիրեցին, այդպիսով ազդարարեցինք, որ սկսել ենք հայկական ֆիլմերի պաշտպանության գործընթաց։ ԱԳՆ-ին ուղղված դիմումներից հետ մենք կոչ արեցինք հայ և օտարազգի ռեժիսորներին, ֆիլմարտադրողներին բարձրաձայնել այս հարցը, որովհետև սա միայն հայկական ֆիլմերի խնդիրը չէ, սա ազատ ստեղծագործելու, արտահայտվելու համամարդկային իրավունքի հարց է։ Առաջիկայում ծրագրում ենք հաջակցություն գրաքննված ֆիլմերի՝ ցուցադրություններ կազմակերպել, ի դեպ, Արցախի մասին նորաներ ֆիլմեր կան, որ շուտով պիտի սկսեն միջազգային ճանապարհորդությունը, հետևաբար պիտի հասնենք նրան, որ գործարկվի մեխանիզմ, համակարգ, որը կկանգնեցի ադրբեջանական ցենզուրան»։