Այսօր, 13:00
Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում կամավորները լվանալով մաքրել են ավելի քան 970 թռչնի, որոնք մազութի մեջ էին ընկել Սև ծովի վրա նավթամթերքի արտահոսքի հետևանքով. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Անապայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Փրկվել է 972 թռչուն, որից 890-ն արդեն ուղարկվել է վերականգնման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ առաջին 150 փրկված թռչունները տեղափոխվել են Կրասնոդարի «Սաֆարի պարկ»։ Խոսքը տարբեր տեսակի սուզաբադերի մասին է։ Փետրավորների համար կենդանաբանական այգում կա հատուկ կարանտինային գոտի։ Աղտոտվածության հետևանքները վերացնելուց և վերականգնումից հետո թռչուններին բնակության համար բաց կթողնեն բնական միջավայր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարներն ու կամավորները սևծովյան լողափերից հավաքել են մազութով աղտոտված ավելի քան 17 հազար տոննա բնահող և մաքրել ավելի քան 39,7 կմ առափնյա գիծ։ Նավթամթերքի արտահոսքի հետևանքների վերացման համար ներգրավվել է ավելի քան 10 հազար մարդ և 366 միավոր տեխնիկա։
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։ Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, մյուսները տարհանվել են։ Արտակարգ պատահարի շրջանում վառելիքի տարածում է եղել: Նավթամթերքը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է 54 կմ։
Արտակարգ դրություն է մտցվել Տեմրյուկի շրջանի չորս բնակավայրերում և Անապայի մոտ գտնվող Բլագովեշչենսկայա մեծ ավանում։