Այսօր, 18:35
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին
Նիկոլի այսօրվա գրառումը՝ մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին, ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։
1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
2. «Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգավորման համար:
3. 2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը: Դրանք հիմնված են եղել 2007թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
4. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե ի սկզբանե Հայաստանն Արցախը տվել էր Ադրբեջանին:
5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այս պնդումը նա անում է նաև որոշ ժամանակ անց։
6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևն իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, այն է՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե, և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխությունը:
10. Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:
12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չէ, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո) տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը՝ որոշելու սեփական ապագան:
14. Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթներում (մինչև 2023 թվականը) հղում էր արվում 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի վրա։
Ի մի բերելով այս վերլուծությունը՝ փաստենք. «Սերժի ժառանգությամբ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
23.12.2024թ.