Այսօր, 17:42
Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
Չորս օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հետևյալ հայտարարությունն արեց․ «Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»:
Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր հետո՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ հայտարարություն տարածեց, ուր, ի թիվս այլ մտահոգիչ գնահատականների, արձանագրվել է հետևյալ փաստը․
«Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 4 -1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանում համակարգաային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ»։
Ի դեպ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը հանրային ընկալումներում որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք մատուցող և պոպուլիստական դիվիդենտներ կորզող իշխանությունները շրջանցում են հետևյալ շատ կարևոր իրողությունը, կամ հանցավոր դիտավորությամբ աչք են փակում դրա վրա։
Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովն, անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, խորհրդատվական կարծիք է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։
Անցել է երկու տարի, սակայն, ՀՀ ՍԴ –ն, առանց սույն հարցի առնչությամբ որոշում կայացնելու, կասեցրել է գործի վարույթը։
Եվ այս փաստը արգելք չի հանդիսացել, որ առանց իրավական հստակեցման և ՍԴ կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման, ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր քննել և վճիռներ կայացնել։
Թե սրանք իրավական ինչ հետևանքների կարող են հանգեցնել, հուսով եմ, որ պատկերացնում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Արդարադատության նախարար նշանակված Սրբուհի Գալյանն ու «ժողովրդավարության բաստիոն» կառուցող ՔՊ-ական վերնախավը։
Բայց, ինչպես ասում են՝ «show must go on»․ ժողջանի ականջներին հաճո են տեսարանները, սուտը, և երկրի համար այս օրհասական պահին դեմոնիզացիայի հերթական տեսարաններով անհրաժեշտ է խլացնել ու շեղել իրական օրակարգերը։
Հ․Գ․-Եվ, այնուամենայնիվ, անկարելի է մի երկրում խոսել համակարգային կոռուպցիայի վերացման մասին, երբ ՔՊ -ն՝ հավաքական գրոհով ԱԺ-ում, բառիս բուն իմաստով․ նվաստացրեց ու հոգեբանական կեղեքման ենթարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այն թեկնածուին, ով համարձակություն ունեցավ ակնարկել, որ ՔՊ-ից հեռախոսային արդարադատության ազդակներ է ստացել։
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում․․․»։