23/12/2024 21:12
Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնում արցախցի Արա Օհանյանին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։
Դեկտեմբերի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով նա բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում:
«Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են ու ստիպել, որ ասի, թե վնասվածքներն ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այսպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, այնտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։ Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»,- նշել էր Երիցյանը։
ՆԳՆ-ից դեպքից օրեր անց հայտնել էին, որ ծառայողական քննություն է իրականացվում։ Ինչպես պարզվեց՝ քրեական վարույթ ևս նախաձեռնվել է։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Արա Օհանյանը տուժող է ճանաչվել։
«Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում, փաստաբան Ռոման Երիցյանի կողմից նույն օրը տրված հաղորդման կապակցությամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգման) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Չարենացավանի բաժնում մի խումբ ոստիկանների կողմից Արա Օհանյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքի առթիվ»,- նշել են ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ քրեական վարույթով Արա Օհանյանը ճանաչվել է տուժող։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ վարույթի համակողմանի և անաչառ նախաքննության ապահովման համար։ Նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է պատասխանում։