Այսօր, 11:20
ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մաթեմատիկայի և բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքներին։
Նա, մասնավորապես, գրել է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին մաթեմատիկայի և բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքները։ Հայաստանի 4-րդ դասարանի աշակերտներն արձանագրել են առաջընթաց մաթեմատիկայից, հետընթաց՝ բնագիտությունից։ 58 երկրների շարքում մաթեմատիկայից 32-րդ տեղում ենք, բնագիտությունից՝ 45-րդ։
Այս ստուգատեսում մի մտահոգիչ ցուցանիշ կա Հայաստանի համար։ Բացի թեստերից, աշակերտներին հարցեր են տրվում վերաբերմունքը պարզելու նպատակով։ Օրինակ՝ «բնագիտությունը հեշտ եմ սովորում» պնդմանը աշակերտները պետք է պատասխանեն «լիովին համաձայն եմ», «մասամբ համաձայն եմ», «մասամբ համաձայն չեմ», «համաձայն չեմ» տարբերակներով։ Եվ ահա Հայաստանի 4-րդ դասարանցիների 41%-ը նշել է, որ իրեն շատ վստահ է զգում բնագիտություն սովորելիս։ Սինգապուրի աշակերտների միայն 27%-ն է իրեն վստահ զգում բնագիտություն սովորելիս։ Հայաստանի դպրոցականների միջին ցուցանիշը բնագիտությունից 457 միավոր է, սինգապուրինը՝ 607։ Մաթեմատիկա սովորելիս իրեն շատ վստահ է զգում Հայաստանի դպրոցականների 35%-ը, Սինգապուրի դպրոցականների 23%-ը։ Հայաստանը և Սինգապուրը մաթեմատիկայից, համապատասխանաբար, ունեն 513 և 615 միջին միավոր։
Այսպիսով, Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես։ Չի բացառվում, որ Հայաստանի դպրոցականները չեն հասկացել հարցի իմաստը և փորձել են դպրոցի, ուսուցչի մասին լավ բան գրել։ Ամեն դեպքում, Դանինգ-Կրյուգերի էֆեկտը մեծ տարածում ունի մեր հասարակությունում։
Քանի՞ մարդ է Հայաստանում պաշտոնից հրաժարվել՝ գիտելիքների և փորձի պակաս ունենալու պատճառաբանությամբ»։