24/12/2024 22:15
Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները
Շարժիչ կամ մոտոր նեյրոնի հիվանդությունը մի խումբ հիվանդությունների հավաքական անվանումն է, որոնք ախտահարում են շարժիչ նյարդերը կամ նեյրոնները:
ՇՆՀ ժամանակ շարժիչ նեյրոններն աստիճանաբար մեռնում են: Քանի որ դրանք կամային շարժումները կառավարող նեյրոններ են, հիվանդությունն ընթանում է մկանների աստիճանական հարաճուն թուլությամբ, որն ի վերջո հանգեցնում է պարալիզի:
ՇՆՀ-ներին են դասվում համանման պատճառագիտությամբ և կլինիկական ընթացքով հետևյալ հիվանդությունները՝
ընտանեկան շարժիչ նեյրոնի հիվանդություն,
Քենեդու հիվանդություն,
ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ (հայտնի է նաև որպես Լուի Գերինգի հիվանդություն),
առաջնային կողմնային սկլերոզ,
հարաճուն բուլբար պարալիճ,
հարաճուն ողնուղեղային մկանային ատրոֆիա:
Հիվանդության ավելի հաճախ հանդիպող սկզբնական նշաններն են՝
թուլություն ձեռքերում և դաստակներում,
աղավաղված խոսք (քթային),
թուլություն ոտքերում,
թուլություն ուսագոտու շրջանում, որի պատճառով դժվարանում է ձեռքը բարձրացնելը,
մկանային ջղաձգումներ (ցնցումներ) կամ թրթռումներ, ինչպես նաև կարկամություն և ջլային ռեֆլեքսների ուժգնացում (հիպերռեֆլեքսիա):
Ավելի ուշ ՇՆՀ-ով մարդկանց մոտ զարգանում է՝
շարժունակության նվազում կամ վերացում (դժվար են քայլում, կաղում են),
խոսքի, շնչելու կամ կլման հետ կապված դժվարություններ, որի հետևանքով աճում է խեղդվելու, սննդային մնացորդներով թոքերի ասպիրացիայի ռիսկը:
ՇՆՀ-ով քիչ թվով մարդկանց մոտ զարգանում է դեմենցիա (թուլամտություն):
ՇՆՀ-ի ժամանակ զգայարանների գործունեությունը չի տուժում (տեսողություն, լսողություն, համի զգացողություն և հոտառություն):
ՇՄՀ-ի մեծ մասը զարգանում է ինքնաբուխ, առանց որևէ տեսանելի պատճառի: Ընդհանուր առմամբ, համոզմունք կա, որ ՇՄՀ-ը պատճառվում է արտաքին միջավայրի, կենսակերպի և գենետիկական գործոնների համադրությամբ:
ՇՆՀ-ի սկզբնական փուլերում ախտորոշումը կարող է բավականին դժվարանալ, քանի որ գանգատները կարող են նմանվել այլ հիվանդությունների համանման ախտանիշներին: Նման դեպքերում ախտորոշիչ մոտեցումն այլ հիվանդությունները ժխտելն է:
Բժիշկը կարող է հիվանդին ուղեգրել նյարդաբանի խորհրդատվության, ով կզննի և կառաջարկի տարբեր հետազոտություններ, այդ թվում՝
արյան թեստ,
մկանի բիոպսիա,
նյարդամկանային գործունեությունը գնահատող հետազոտություններ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ