24/12/2024 12:34
Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան «Դիմադրություն» շարժման հավաքների օրինականությունն էր:
Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորանն իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել:
2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է իմ կողմից:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:
Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտվելով` Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումն իր հերթին բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:
Քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Ի միջիայլոց, Երևանի քաղաքապետարանը, առհասարակ, իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու։ Այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը»։