24/12/2024 16:18
Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի մտքում հենց հիմա նախագահներին բանավեճի հրավիրելու միտք հղացել։ Հարցի պատասխանը շատ կարևոր է։ Նա զգում է, որ իր ոտքի տակ հողն այրվում է, զգում է, որ գնալով դա ուժգնանալու է և դրանով ուզում է հասարակության ուշադրությունը շեղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Մինասյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ շոուների մասնագետ է և սա հերթական փորձն է.«Պատճառը մեկն է՝ հասարակության մի զանգվածի մոտ սերմանվեն մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ այդպիսի հասարակություն կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած երկրում։ Օրինակ, ԱՄՆ-ում կա հասարակության մի ստվար զանգված, որը մինչ օրս էլ մտածում է, որ երկիրը տափակ է, և 200 տարի շարունակ փորձում են դա հիմնավորել։ Այսօրվա մեր վարչապետն էլ նման մարդկանց փորձում է համոզել, որ երկիրը տափակ է։
Նույնիսկ մեր թշնամի երկրի ղեկավարն է հայտարարել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, նա նման հայտարարություններ է անում»։
Նախկին պատգամավորը շեշտեց՝ Փաշինյանի նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ՝ շոուն.
«Ճշմարտության բացահայտման համար կարելի է հարց տալ, դա քննարկել՝ առանց այն շոուի, որին ձգտում է Փաշինյանը և որին չի հասնի երբեք։ Աղվեսը չհասավ խախողին և ասաց՝ այն խակ է։ Հանրության ճնշող մեծամասնությունն արդեն հոգնել է։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որպեսզի տապակվի այն մեղքերի մեջ, որոնք ամեն գիշեր գալիս են իրեն որպես մղձավանջ»։