24/12/2024 14:03
«Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել
Դիտումները հասնում են 25 միլիոնի․ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է իր սոցիալական էջերի վիճակագրությունը։ Թվի աճը Հակոբյանը պայմանավորում է «Կրթվելը նորաձեւ է արշավով»։
«Նոյեմբերի 24-ին արձանագրել էի, որ մեկ ամսվա ընթացքում իմ երեք սոցիալակ էջերը միասին 17-18 միլիոն դիտում են ունեցել։ Այսօր արդեն դիտումները 24-25 միլիոնի են հասնում։ Մինչդեռ սեպտեմբեր-հոկտեմբերին այդ թիվը տատանվել է 7-10 միլիոնի միջեւ։
Հոկտեմբերի 21-ից նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձեւ է արշավը» եւ այս ընթացքում իմ բոլոր էջերով քարոզել եմ այս գաղափարը։ Այսինքն՝ 10-15 միլիոն մարդու իմ համեստ անձը հետաքրքրել է միայն ու միայն «Կրթվելը նորաձեւ է» գաղափարի շնորհիվ։ Հատուկ արձանագրելու ենթակա կարեւոր փաստն այն է, որ իրականում ոչ թե անձն է հետաքրքրել, այլ՝ գաղափարը։
Սա նորմալ է. 21-րդ դարում, երբ #տգիտությունընորաձեւչէ, #կրթվելընորաձեւէ գաղափարը հաղթանակած էր լինելու ի սկզբանե, անկախ նրանից, թե ինչպես կփաթեթավորվեր նրա դեմ հակաարշավը», - գրել է Հակոբյանը։
Վարչապետի տիկինն ուզում է՝ կրկին ինքներս մեզ կոչ անենք ու 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի:
Ըստ նրա, դա նշանակում է «մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի եւ բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, եւ բոլոր երեւույթների, իրավիճակների եւ իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորենք կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետեւյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ․․․»:
Հակոբյանը հարցեր է թվարկել․
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու եւ իմ պետությունը հարստացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու եւ իմ սիրելիներին երջանկացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու եւ պլանավորելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր եւ սիրով լի ընտանիք ունենալու համար:
Իսկ մենք բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ եւ հարատեւ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:
«Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին եւ բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածն ընդամենը ցանկության եւ տեխնիկայի հարց է:
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
Ձեռնոց նետենք տգիտությանը
Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ
Նոր հմտություններ յուրացնենք
Չկրթենք
Միայն՝ կրթվենք
Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրն ավելի լավը դարձնել
Սովորենք հարստանալ եւ հարստացնել
Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել
Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել
Կրթվելը նորաձեւ է», - գրել է վարչապետի տիկինը։