Այսօր, 09:17
«Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը ևս խնդրահարույց է։ Դեռ նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման և 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը։ Մինչ այդ` կոշտ քննադատության պայմաններում, հունիսին նախագիծն ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատվել էր ՔՊ-ի կողմից։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
Հիմա մի քանի օր է՝ Հայկ Սարգսյանն է շրջանառության մեջ դրել համանման նախագիծ, որով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ ՏԻՄ-երին, համայնքներին են տալիս այդ լիազորությունը՝ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը և ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների շինությունները դրսի կողմից, ինչպես նաև՝ տվյալ ՏԻՄ կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Նախագծի հիմնավորումը նույնն է՝ «մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության և այլ հակահասարակական վարքագծի դրսևորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի»։