25/12/2024 11:47
Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քովիդի թեստ հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ: Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ և/կամ ընթացակարգ է սահմանված, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հարցին՝ տեղյակ լինելով վարակված լինելու մասին՝ վարչապետը նախկին նախագահներին բանավեճի էր հրավիրում, սա ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Բաղդասարյանը պատասխանեց, թե նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր, և նրանց համաձայնության պարագայում, բնականաբար, դա պիտի համաձայնեցվեր լրացուցիչ:
«Վարչապետ Փաշինյանը քովիդի թեստի դրական արդյունքի մասին տեղեկանալու պահից մեկուսացել է և առերես որևէ աշխատանքային շփում չի ունեցել:
Այսօր էլ վարչապետը առերես աշխատանքային շփումներ չի ունեցել և սպասում է թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը, որից հետո միայն կվերականգնի շփումներն առերես ձևաչափով»,- հավելեց վարչապետի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
«Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - գրել էր Փաշինյանը։