25/12/2024 12:53
Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար
Տարեվերջյան ասուլիսին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բյուջեի եկամուտների գծով 200 մլրդ դրամի թերակատարում են ունենալու։
Հարցին արդյո՞ք լավ չի հավաքագրվել, թե՞ վատ է պլանավորվել՝ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարկերի հավաքման վրա ազդել է մի քանի գործոն։
«Առաջինը՝ տնտեսական աճը չի եղել այն մակարդակի, որը թիրախավորվել էր, գնաճը չի եղել այն մակարդակի, որը պլանավորվել էր և երրորդ՝ երբ տնտեսությունը գտնվում է աճի դանդաղման փուլում՝ հարկեր-ՀՆԱ բարելավման հնարավորությունները կրճատվում են։
Պլանավորվել էր, որ չենք մտնելու դանդաղման փուլ և շարունակելու ենք հարկեր-ՀՆԱ բարելավումներն այն տեմպով, որ առկա են նախորդ տարիներին, և՛ տնտեսական աճը, և՛ գնաճը լինելու են թիրախային ցուցանիշներով»,-ասաց նախարարը։
Միաժամանակ նա նշեց, որ իրենք նաև այս սցենարը ունեին՝ պահեստային ֆոնդից հատկացնելու համար։
«Սա է խնդիրը, որ չունենք որևէ ծախս, որը մնա չֆինանսավորված։ Որևէ բան չենք հետաձգել, կանգնեցրել։ Ինչն էլ խաթարվել է՝ այս կամ այն պատճառով չէր իրականանալու»,-ասաց նա։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկերի հավաքման մակարդակը համահունչ է տնտեսական զարգացման ցուցանիշներին։
Ասաց նաև՝ 130 մլրդ դրամի պահուստային ֆոնդ են ունեցել, որը հիմնականում ծախսվել է երկու ուղղությամբ․ մեկը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծախսերը հոգալու համար․ «Եվ մոտավորապես 50 մլրդ-ից ավելի ֆիսկալ բուֆերներն են, որ որևէ ռիսկ չունենանք»։