25/12/2024 15:38
Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից
Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. ասուլիսն այսպես սկսեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից։
«Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ այս տարի աշխարհի չեմպիոն միայն Լալայանն է եղել: Իսկ ո՞վ է պատրաստել այդ աշխարհի չեմպիոնին՝ մարզիչը: Ես եմ միայն աշխարհի չեմպիոն տվել: Ահա, թե որքան է ձեր գիտելիքները սպորտային լրագրությունից։ Ինձ Եվրոպան է ճանաչել լավագույնը, իսկ դուք քվեարկել եք մարդկանց հասակով, աչքերի գույնով, մազերով: Առաջին անգամ մասնակցել ենք աշխարհի գավաթի մրցաշարին եւ նվաճել ենք 4 ոսկե մեդալ: Որտեղ անցկացվում է աշխարհի, Եվրոպայի առաջնություն, ի հեճուկս ձեզ, Փաշիկ Ալավերդյանն իր ուրույն տեղն ունի, իմացեք»,-ասաց նա։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մարզական լրագրողների «Տարվա լավագույնների» քվերակության արդյունքներով Փաշիկ Ալավերդյանը չի ճանաչվել տարվա լավագույն մարզիչ: Այդ փաստը վրդովեցրել է հավաքականի մարզչին:
Լավագույնն է ճանաչվել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Դուք՝ լրագրողներդ, կողքից կեղտ եք ման գալիս: Դուք չնվաստացրի՞ք ինձ ձեր ընտրությունով: Իմ մարզիկներից 4-ը հաղթել են տարբեր անվանակարգերում: Հայաստանի լավագույն մարզիկն իմն է: Դուք սպորտի հետ ոչ մի կապ չունեք: Ես լրագրողների քվեարկությունից ավելի քիչ դժգոհություն ունեմ, քան Կարեն Գիլոյանը պետք է ունենա, քանի որ իր ձեռքին ունեցած սպորտային լրագրողի դիպլոմը փշրվեց այդ ընտրությամբ»,-ասաց նա: