Այսօր, 08:49
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն անցկացնի՝ բավարարվեցին մեկով, որի օրակարգում ՏԻՄ օրենքի փոփոխությունն էր՝ Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակելու համար։ Թեպետ պատգամավորներին նախապես զգուշացվել էր, որ դեկտեմբերի 19-ին արտահերթ է լինելու, հետո ասացին՝ հետաձգվում է` հնարավոր է 23-ին անեն: Ավելին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստում աշխարհազորը լուծարելու և տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծ ընդունեց, որը պետք է արտահերթով ընդունվեր, քանի որ խնդրին առանց այն էլ ուշ էին անդրադարձել: Բայց ո՛չ դեկտեմբերի 19-ին նիստ գումարվեց, ո՛չ 23-ին։
Իշխանության աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ չհրավիրվեց թերևս այն պատճառով, որ այդ նիստին գլխավոր դատախազը մտնելու էր ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, բայց քանի որ դրա համար չկան իրավական հիմքեր, դատախազը չմտավ, արտահերթից էլ հրաժարվեցին։ Բացի այդ, ասում են՝ Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին՝ դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, շփվել ժողովրդի հետ։ Իբրև թե դահլիճներում նիստեր անելու ժամանակը չէ: Ի դեպ, ՔՊ-ում տագնապած են` մինչև հունվարի 20-ը` Թրամփի երդմնակալությունը, ինչ-որ վճռորոշ զարգացումներ են սպասվում Հայաստանի շուրջ: Թեև չի բացառվում, որ այդ լուրերը հատուկ են տարածում, որ արհեստական վախեր տարածելով ու շանտաժով Ալիևի հերթական պահանջները կատարեն»։