Այսօր, 08:51
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի: Պետական գնումների օրենքի՝ «մեկ անձ» ընթացակարգի տրամաբանությունը հետևյալն է, օրինակ.
• եղել է ջրհեղեղ, և նավակներ ձեռք բերելու համար չկա մրցույթ անցկացնելու բավարար ժամանակ, հետևաբար գնումը իրականացվում է հրատապ` «մեկ անձ»-ից։
• Շուկայում չկա նման ապրանք, այլ կազմակերպություն (օրինակ գազ, ջուր, այլ), հետևաբար գնումը իրականացվում է «մեկ անձ»-ից։
Սակայն Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենևին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված:
Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման` 15.11.2024 և ավիատոմսի ձեռքբերման` 21.11.2024 միջակայքում 6 օր Ավինյանը ոչինչ չի արել, և քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար:
Եվ ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի: Ինչո՞ւ, որովհետև «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ս/թ նոյեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 21-ը քաղաքապետ Ավինյանը արձակել է գնումների հանձնաժողովներ ձևավորելու տասնյակ կարգադրություններ, սակայն, չգիտես ինչու, Լոս Անջելեսինը չկա։
Իսկ մինչ քաղաքապետ դառնալը նա երբեք բիզնես կլասով ԱՄՆ չի մեկնել. անգամ հայտնի բանավեճի օրը ասաց այդ մասին»։