Այսօր, 11:03
2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ)
2024-ին ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը կարելի է գնահատել հաջողված, իհարկե, կան բազմաթիվ ծրագրեր, որոնք նախանշել ենք և գտնվում են ընթացքի մեջ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նկատեց, որ իրենց կարևորագույն գործառույթներից է պետական պարտքի կառավարաման ոլորտը։ «Մեր սպասումներով պետական պարտքը 2024թ.-ի վերջին կլինի մոտ 49,8 տոկոս, մոտավորապես 50 տոկոսի շրջանակներում։ Դա, իհարկե, կախված է ՀՆԱ-ի ցուցանիշներից, որոնք կլինեն գարնանը, բայց սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 5,5 տոկոսի շրջանակներում այս տարի։ Պետական պարտքի մակարդակն արդեն սպասվում է 50 տոկոսի շրջանակներում»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ մի քանի նոր գործիքներ են ներդրել պարտքի կառավարման հետ կապված։ «Առաջինը, որ արդեն հայտարարել ենք, մեր արժեթղթերի վաճառքի նոր կայքն է, քաղաքացիները կարող են ներդրումներ կատարել կայքի միջոցով»,-ասաց նա և նշեց, որ նաև գործարկել են փոխանակման աճուրդները։
«Նախագծում ենք առաջիկայում հանդես գալ նպատակային պարտատոմսերի ծրագրով»,- հայտնեց նախարարը՝ նշելով՝ պետք է մոնիտորինգի ենթարկեն նաև շուկայի գնաճը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջնականացման փուլում է պարտքի մասին նոր օրենքի քննարկումը, որն առաջիկայում կներկայացնենք, և հույս ունենք՝ 2025-ի առաջին կեսին պարտքի մասին նոր օրենքը կկարողանանք ընդունել»։