26/12/2024 11:17
ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովի կողմից ներդրումային ծրագրի ծավալը նվազեցվել է 981,84 մլն դրամով՝ կազմելով է 143 045,67 մլն դրամ:
Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև այլ ներդրումներ գազաբաշխման համակարգում։