26/12/2024 12:54
Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ)
Ինչ Փաշինյանը իշխանության է, տարեկան ամփոփումները վատ, չարագույժ նորությունների մասին են. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա թվարկեց՝ անցնող տարվա ընթացքում Փաշինյանը ՀՀ մաս կազմող 4 գյուղեր հանձնեց։ «Էտ նույնն է, որ հիմա իրենք կանգնեն ու ասեն, որ Աղազարյան Հովիկը, Ասլանյան Հակոբը երբեք ՔՊ-ական չեն եղել, ո՞վ ասեց, որ ֆրակցիայից դուրս են եկել, իրանք անդամ չեն եղել։ Այդ նույն տրամաբանությամբ են արդարացնում 4 գյուղի հանձնումը»,-ասաց նա և նշեց, որ հանձնված գյուղերում Արդրբեջանն արդեն իսկ կառուցել է նոր ամրություններ։
Հաջորդը սահմանազատմանն է վերաբերում։ Նշեց՝ ՀՀԿ-ն շարունակում է պնդել, որ սահմանազատումն անհրաժեշտ է ու կարևոր․ «Որևէ մեկը դրան դեմ չի արտահայտվել, բայց իմանանք, թե սահմանազատման փաստաթղթում ինչ է ասվում։ Ասվում է, որ այն տեղի է ունենալու Ալմա-Աթայի և այլ հնարավոր փաստաթղթերի և քարտեզների հիման վրա, եթե կողմերն այդպես պայմանավորվեն։ Այդ նույնն է, թե որոշեն, որ ֆուտբոլ են խաղալու, բայց եթե կեսից որևէ մեկը որոշի, որ կարելի է ձեռքով խաղալ, կանցնեն վոլեյբոլի»։
Ըստ նրա, հաջորդ խայտառակ կետը հատվածային սահմանազատումն է։
Մյուս կետը հայ-թուրքական հարաբերություններին էր վերաբերում։ «Այս պահին փաստացի, եթե վերլուծենք գործընթացները, հայ-ադրբեջանական գործընթացների միջնորդը Թուրքիան է»,-ասաց նա։
«Հանդիպման ժամանակ էրդողանը Փաշինյանին իր գիրքը նվիրեց, որի բովանդակությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսլականն էր։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի կողմից Փաշինյանին այդ գիրքը նվիրելը մոտավորպես նույնն էր, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա»-ի մի օրինակ նվիրի, լրիվ իդենտիկ օրինակ, որովհետև այնտեղ նկարագրված են Թուրքիայի արտաքին քաղաքական տեսլականն ու նկրտումները, որտեղ, ինչպես կռահում եք, ՀՀ-ն լավ դիրքում չի»,-ասաց նա։
Մամիջանյանը նաև խոսեց COP29-ից, որ այդպես էլ գերիները Հայաստան չվերադարձվեցին։
Անդրադարձավ նաև նախորդ տարվա թանկացումներին, քաղաքական հալածանքներին և նոր քաղբանտարկյալներին։