27/12/2024 12:52
Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ)
ՀՀ-ում ներդրել ենք մի գործիք, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել դեպի ՀՀ ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձ, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ այդ գործիքի արդյունավետության գնահատման չափանիշը նայելն ու տեսնելն է, թե գործիքի կիրառումն ինչպիսի հաջողություն ունի արտասահմանյան երկրներում.«Եթե դիտարկեք արտասահմանյան երկրների փորձն այս առումով, կտեսնեք, որ գոծիքի կայացման և գույքերի վերադարձման համար պահանջվում է որոշակի կոնկրետ ժամանակահատված, որը տատանվում է 7-10 տարիների ընթացքում։ Այսինքն՝ այդքան պետք է, որպեսզի համանման գործիքի ներդրումից հետո այն կարողանա աշխատել, և կարողանանք չափել այդ գործիքի արդյունավետությունը։ Մենք կարողացել ենք շատ արագ տեմպով ապահովել արդյունավետություն, կարծում եմ՝ 5մլդ դրամի վերադարձի մասին խոսելը քիչ չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դատարաններում գտնվում են բազմաթիվ գործեր՝ մոտ 120, որոնցով ակնկալվում է ՀՀ վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք, դրամական միջոցներ»։
Նախարարը շեշտեց, որ մարդիկ, անհամբեր լինելով, ցանկանում են, որ ամեն ինչ հենց այսօր տեղի ունենա.«Իրականում՝ ոչ, եթե մենք ընտրել ենք իրավական ճանապարհը, ապա ժամանակ է պետք։ Մենք նստած չենք եղել, պետությունն աշխատել է»։