27/12/2024 08:57
«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նրա կոկորդին է, ու դրա հետ «անողոք կռիվ է տալիս»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ: Ինչպես Մայր աթոռից էին հայտնել՝ Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր:
Պարզվում է, որ հայրենի իշխանությունների «հրահանգով» Հ1-ը այս տարի ևս որոշվել է չհեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ճղճիմ պատճառաբանությամբ: Կաթողիկոսի ուղերձը, չգիտես ինչու, ցանկանում են հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, մինչդեռ տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոսի հայրապետական ուղերձը:
Ստացվում է՝ Փաշինյանի մանրախնդրությունն ու փառասիրությունը թույլ չեն տալիս, որ կաթողիկոսի ելույթն իր ելույթից առաջ հեռարձակվի»։