27/12/2024 08:59
«Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին: Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել: Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ և անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով։
Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձև է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաև լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող և մեկ խմբագիր, և նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով: Նկատենք, որ այս օրերին տիկինը տարբեր գրառումներ է անում` իրեն ուղղված քննադատական տեքստերից մեջբերումներով, և խոստանում է «տգիտության ճիրաններից ազատագրել» իրեն քննադատողներին»։