27/12/2024 11:58
2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ)
2024-ին մեր կյանքը նշանավորվեց «Տավուշը հանուն հայրենքի» շարժմամբ, որը շատ շուտով ժողովուրդը վերանվանեց Սրբազան պայքար. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց Բագրատ Սրբազանը։
Նա հիշեցրեց, որ իրենք պայքարի են դուրս եկել ներհանրային լայն հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամանքի դեմ։
«Մենք ապրելուն և պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք»,-ասաց Սրբազանը և նշեց՝ այս շարժումը փաստեց, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով և սպասում չարիքի իշխանությունից ազատագրմանը։
«Մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, որ վերջանականպես սպանելի են այդ հույսը»,-ասաց նա և նշեց, որ հույսի ոչ մի նշյուլ չկար և գրեթե ոչ ոք չէր հավատում, որ ժողովուրդը ոտքի կկանգնի հայրենատեր լինելու համար։
«Ունեցանք մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք, ովքեր կածում էին, թե ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է ՝ սխալվեցին»,-ասաց նա։
Հունիսի 12-ը նա անվանեց խարան և ամոթ այս իշխանության ճակատին և նկատեց, որ այդ բռնություններից հետո նույնիսկ ժողովուրդը չընկճվեց, կամքով ցույց տվեց, որ այս շարժմանը հաղթել չի լինի։
Սրբազանը նշեց՝ ինքն ընդունել է, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանատվությունն ամբողջական իրենն է, իսկ հաջողությունն ու հաղթանակն իր «համբուրելի ժողովրդինը»։
«Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավորություն չեղավ իրագործելու մեր ծրագիրը, սակայն պետք է շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե հնարավոր է, թե ոչ, այլ անհրաժետություն է, թե ոչ այս չարիքին հեռացնելը․ այն անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր»,-ասաց նա և նշեց, որ պայքարի վերջակետը կլինի միայն հաղթանակի դեպքում։
«2025թ.-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը մեր կյանքում, և սկսելու է առատության և լիության շրջանը։ Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ, այլ վերհառնող և շեն երկիր։ Ես այս անբեկանելի հավատով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որ եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները»,-ասաց նա և վստահեցրեց, որ հոգևոր Հայաստանը կհաղթի «նոր» Հայաստանին»։