28/12/2024 09:42
Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բանտային օրագրից» հերթական հրապարակումն է արել։ Այս անգամ նա պատմում է նարդու «թայլաների» մասին։
«Որպես կանոն, ես ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար։ Այսպիսի թայլաների ընթացքում մեր խցի մթնոլորտը թեժանում է անհնարինության չափ, և երբեմն թվում է՝ պողպատե կրկնակի ճաղավանդակը կհալվի թեժացած այդ խաղից։ Որևէ հաշիվ, սակայն, մինչև օրս չի ջնջվել, որովհետև սկզբունքային այդ թայլաները ավարտվել են ոչ 0-ական հաշվով։ 0-ական հաշիվներ, այնուամենայնիվ, արձանագրվել են, բայց դրանք խաղացվել են առանց նախապայմանի։ Մրցակցիս հաջողվել է 7 անգամ 0-ով հաղթել ինձ, 4 անգամ էլ ես եմ հաղթել 0-ով։ Ինձ ոչ մի անգամ չի հաջողվել 6-0 հաշվով հաղթել, բայց մի անգամ պարտվել եմ այդ հաշվով։
Կարճ ասած՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակամարտությունը առաջիկայում մարելու ոչ մի տարբերակ չունի և ընդհակառակը՝ թեժանալու է գնալով։ Այս է պատճառը, որ պայքարը ընթանում է ոչ միայն բուն նարդիի ընթացքում, այլև դրանից առաջ և հետո։ Մեզնից յուրաքանչյուրը փորձում է հակառակորդին մարտահրավեր նետել իրեն ամենահարմար պահին, երբ առավելագույնս տրամադրված է խաղի։ Բուն խաղի ընթացքում մենք հաճոյախոսություններ ենք շռայլում զառի հասցեին, իսկ երբ նրա կողմից համարժեք վերաբերմունքի չենք արժանանում՝ շան լափ ենք թափում ուխտադրուժ զառի գլխին։
Սկզբնական շրջանում խցակիցս ինձ հաճախ էր հուշում, թե ինչ է պետք խաղալ, և ես միանշանակ վստահում էի նրա հորդորներին։ Այժմ ավելի քչախոս է դարձել և երբ ինչ-որ տարբերակ է հուշում, ես չեմ կորցնում զգոնությունս. չլինի՞ որևէ դավադրություն կա այդ առաջարկի տակ։ Իջևանցի ընկերներիցս մեկը մի այսպիսի հայտնի պատմություն ունի. մի երրորդ ընկերոջ հետ նարդի խաղալիս է լինում և նրան անընդհատ հուշում է, թե ինչ է պետք խաղալ։
Ի վերջո՝ հերթական «օգնությանը» ի պատասխան՝ հակառակորդը նկատում է. «Բայց եթե այդպես խաղամ՝ մարս կլինեմ»։ «Բա իմ ուզածն էլ դա է...»,– առանց որևէ բան թաքցնելու՝ խոստովանում է ընկերս։ Բայց նրա հակառակորդն էլ ազնիվ տղա է լինում. խաղում է ընկերոջս առաջարկած տարբերակը և մարս լինում։ Ահա այսպիսի պատմություններ են լինում նարդու մրցավեճերի ժամանակ, և նարդին, թերևս, միակ խաղն է, որ չրխկթրխկոցի, կատակի, լեզվակռվի տակ ստրատեգիական լուրջ պայքար է պարունակում։
Բայց դե՝ այնպես չէ, որ ամբողջ օրը նարդի ենք խաղում. սա անում ենք գրել-կարդալու արանքում։ Չնայած, մեր մեջ ասած, ընդհատակում ավելի շատ ժամանակ էի տրամադրում ընթերցանությանը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ավելի շատ տրամադրում եմ գրելուն կամ՝ գրելիքը պլանավորում։ Ազատության մեջ նույնիսկ՝ հետաքրքիր բան գրելը որոշակի դժվարության հետ է կապված, իսկ բանտում՝ առավելևս։ Չնայած՝ այս պահի դրությամբ, ամեն ինչ ընթանում է այնպես, որ գրելիքի պակասություն չեմ ունենալու։ Բայց դա, անկեղծ ասած, կախված է ոչ թե իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարից, այլ ընթերցողի հետ և ընթերցողի կողքին լինելու ցանկությունից, իսկ իմ այդ ցանկությունը, չեմ կարծում, թե երբևէ մարի։
Երբեմն ասում են, թե ամեն օր գրելը կարող է սպառել։ Իմ փորձը, սակայն, բոլորովին ուրիշ բան է ցույց տալիս. արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու՝ թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում։ Եվ հետո, որևէ մեկը ուսուցչին սպառում չի կանխատեսում, չնայած նա ամեն օր աշխատանքի է գնում և դասարան է մտնում ամեն օր։ Այնպես որ՝ գործ ա, անում ենք, էլի։
Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլխի ստեղծումը մի քանի անգամ ընդհատվեց նարդու թայլաներով։ Մենք հույս ունեինք, որ այնպիսի հաշիվներ կամ իրադարձություններ կարձանագրվեն, որ արժանի կլինեն՝ այս հոդվածում հիշատակվելու։ Թայլաները, սակայն, ընթացան փոփոխակի հաջողությամբ, և այդ ընթացքում ոչ մի արժանահիշատակ իրադարձություն կամ հաշիվ չարձանագրվեց։ Նկատի ունեմ՝ մրցաշարային վիճակում ոչ մի էական փոփոխություն չկա»։