28/12/2024 12:16
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր)
2024 թվականը շրջադարձային տարի է եղել «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» համար: Կառուցելով նախորդիվ ունեցած ձեռքբերումների վրա՝ հայաստանյան ու միջազգային գործընկերների հետ միասին, Հիմնադրամը ստեղծել է հոգեւոր-հոգեբանական վերականգնման յուրահատուկ մի ծրագիր՝ «Վերականգնման հայկական ճանապարհը»։ 2024թ ընթացքում Հիմնադրամն արել է առավելագույնը հարյուրավոր մարդկանց ամոքելու ու զորացնելու համար՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում։
Հայաստանի ողջ տարածքում 2023թ դեկտեմբերից մինչեւ 2024թ մայիս ամիսների ընթացքում մոտ 7500 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ մոտ 46%-ի մոտ առկա է միջին կամ բարձր արտահայտվածության դեպրեսիա։ Իսկ հետտրավմատիկ սթրեսը կարող է ստվերել մեր մասին առավել կենսունակ պատմությունները, բացասաբար ազդել ինքնագնահատականի վրա ու խլել մեր ապրելու, առաջ գնալու ներուժը։
«Վերականգնման հայկական ճանապարհ» եռամսյա յուրահատուկ ծրագրի շրջանակներում մասնակցիները ստանում են հնարավորություն նորովի գնահատել իրենց կյանքը, առերեսվել այլոց պատմություններին եւ, հենվելով հոգեւոր արժեքների ու մեր պատմության կենսունակ օրինակների վրա, վերակերտել իրենց կյանքի ապագայամետ ուժեղ պատումներ։
«Վերականգնման հայկական ճանապարհը» բոլոր նրանց համար է, ովքեր պատերազմի կամ դրա հետեւանքների բերումով ունեն հոգեւոր-հոգեբանական վերականգնման կարիք ու ցանկություն։ Ծրագրի բոլոր երեք փուլերը խմբային են, որոնց միանալու համար միայն անհրաժեշտ է Հիմնադրամի www.revival.am կայքում լրացնել հոգեբանական թեստը ու պատասխանել մի քանի հավելյալ հարցի։ Հարյուրավոր մարդիկ արդեն իսկ անցել են Հիմնադրամի ծրագրերով ու դարձել են մեծ ու փոխաջակցող համայնքի մասնիկը։
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է զարկ տալ հոգեւոր-հոգեբանական վերականգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանակակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։ Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: