29/12/2024 14:30
Հայաստանը եղել է, կա ու կլինի. հանգիստ քնեք, վստահ եղեք՝ տրամադրված ենք մարտական ոգով. ամանորյա ուղերձներ՝ զինվորներից (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում են ծառայում ժամկետային զինծառայողներ Սևադա Սարոյանը, Արտակ Գրիգորյանն ու Գոռ Հակոբյանը։
Սևադա Սարոյանը խոստովանում է՝ ծառայության անցնելուց հետո դարձել է ավելի կարգապահ, ավելի նպատակաուղղված մարդ։
«Ծառայությունը շատ լավ բան է»,- ասում է նա։
Aysor.am-ի հետ զրույցում Սևադան, ումից նեղացած էր սիրած աղջիկը, խոստովանություն արեց սիրելիին, որ նրան շատ-շատ է սիրում. «Ինքը հիմա ինձանից նեղացած է, իրեն կասեմ, որ շատ-շատ սիրում եմ, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն ինքն է, թող հանկարծ չտխրի»։
Արտակ Գրիգորյանի համար սկզբում դժվար է եղել. մինչ բանակ գալը սպորտով է զբաղել ու մտածել է, որ ծառայությունը կխանգարի իր կարիերային, բայց հիմա վստահ խորհուրդ է տալիս ծառայել։
Արտակը սիրած աղջիկ չունի, կարոտել է բոլորին, ամենաշատը՝ մայրիկին:
Գոռ Հակոբյանի համար ծառայությունը, ինչպես ինքն է ասում, անցնում է շատ հավես։
«Բանակ գալուց փոխվում է տղայի մտածելակերպը։ Բանակը լավ տեղ է, կցանկանամ, որ բոլորը ծառայեն ու իրենց պարտքը տան հայրենիքին, որովհետև մեր Հայաստանը եղել է, կա ու կլինի»,- ասում է Հակոբյանը։
Նա էլ, ինչպես ծառայակից մյուս ընկերները, կարոտել է բոլորին, հատկապես, սիրած աղջկան։
«Իմ ընկերուհուն շատ-շատ եմ սիրում, թող իմանա՝ ես իրեն սիրում եմ ամենաանկեղծ ու մաքուր սիրով։ Թող հպատ լինի, որ ես ծառայում եմ, հետ եմ գնալու ու ունենանք այն կյանքը, որի մասին միշտ խոսել ենք ու երազել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշում է Գոռը։
Զինծառայողների ամանորյա մաղթանքն է հայ ժողովրդին, որ խաղաղ ու անփորձանք ապրեն. «Թող բոլորը հանգիստ քնեն, վստահ թող լինեն՝ մենք տրամադրված ենք մարտական ոգով ու պատրաստ ենք պաշտպանել մեր ցանկացած հայրենակցի»։