29/12/2024 19:19
Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ)
Մանյա Կոստյանը երբեք չի մտածել, որ կարող է մի օր զինվորական դառնալ, բայց, ինչպես ինքն է նշում, հանգամանքներից ելնելով է դարձել զինվորական։
Սկզբում աշխատել է որպես զորամասի բուժքույր, իսկ հետո դարձել դասակի հրամանատար։
«Որոշեցի, որ ծառայության անցնեմ ավելի բարձր հաստիքներում ու որոշեցի, որ պետք է սովորեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ 5-ամսյա դասընթացներից հետո դարձա դասակի հրամանատար»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմում է նա։
Խոստովանում է ՝ ծառայության ընթացքում դժվարություններ լինում են, բայց անհաղթահարելի դժվարություն չկա, երբ ունես դրանք հաղթահարելու ցանկություն։
«Սկզբնական շրջանում, երբ զինծառայողները գալիս ու տեսնում են, որ հրամանատարը կին է, մի փոքր քաշվում են, բայց երբ շփումն ավելի է խորանում, ավելի նպատակահարմար են համարում իրենց բոլոր խնդիրները կիսել ինձ հետ»,- պատմում է Մանյա Կոստյանը։
Նա հայ կանանց խորհուրդ է տալիս, որ ընդգրկվեն ծառայության մեջ. «Ծառայությունը բոլորի համար է, մենք մեկ ճանապարհով ենք գնում և՛խաղաղ, և՛պատերազական պայմաններում»։
Դասակի հրամանատարը հաջողությամբ է անցել ատեստավորման գործընթացը, ասում է, որ այն մեծ առավելություն է ընտանիքը լավ պահելու համար։