29/12/2024 20:39
17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։