30/12/2024 10:28
Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Սիրիայում իրավիճակի արագ զարգացումը բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկրում սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողությամբ, որոնցում ավերիչ մեծ դեր խաղացին Միացյալ Նահանգների քայլերը։
«Արդեն հիմա կարող ենք ասել, որ իրավիճակի դեգրադացիայի պատճառներից մեկն այն էր, որ նախկին ղեկավարությունը տևական քաղաքացիական հակամարտության համատեքստում չկարողացավ բավարարել բնակչության հիմնական կարիքները»,- ասել է նախարարը։
«Ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համոզիչ հաջողություններից հետո սիրիացիների հույսերը, որ իրենց կյանքը դեպի լավը կփոխվի, չարդարացան»,- նշել է Լավրովը։
Սիրիական տնտեսությունը «խեղդելու» այս գիծը մշտապես սոցիալական դժգոհություն է առաջացրել, նշել է ՌԴ արտգործնախարարը․«Այս իրավիճակում իշխանությունները ստիպված եղան ձեռնարկել ոչ պոպուլյար միջոցներ, մասնավորապես՝ նվազեցնելով կամ վերացնելով սոցիալապես կարևոր ապրանքների և ծառայությունների սուբսիդիաները»։
Ռուսաստանը, ըստ նախարարի, տարբեր օգնություն է ցուցաբերել բարեկամ սիրիացի ժողովրդին, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման, հակամարտության ընթացքում ավերված սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման, սիրիացի փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի համար նյութական բազա ստեղծելու միջոցով։
«Սակայն, կարելի է փաստել, որ նախորդ իշխանությունները, չնայած մեր հրատապ առաջարկություններին և ակտիվ աջակցությանը, չկարողացան կառուցողական երկխոսություն հաստատել ընդդիմախոսների և տարածաշրջանային ազդեցիկ հարևանների հետ՝ լիարժեք քաղաքական գործընթաց սկսելու, ինչպես նաև սոցիալական լուրջ տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է Լավրովը։